Բույսի բարձրությունը հասնում է մինչև 50-70 սմ-ի։ Տերևները մուգ կանաչ են, ցողունն ու ընձյուղները ծածկված են խիտ, կոշտ աղվամազով։ Ծաղկաբույլերն ունեն ամենատարբեր գունավորում՝ սպիտակ, վարդագույն, կարմիր, բաց մանուշակագույն, դեղին, նարնջագույն։ Ծաղկում է հուլիսի երկրորդ կեսից մինչև առաջին սառնամանիքները։ Լուսասեր ու ջերմասեր բույս է։ Վատ է տանում անգամ թեթեևակի սառնամանիքները։ Գերադասում է սննդանյութերով հարուստ, փուխր, ստրուկտուրային ավազակավային հողերը։ Հանդիպում են հասարակ և լիաթերթիկ ծաղկավոր տեսակները։
Սերմերը ցանում են ջերմոցներում՝ մարտի կեսերին, ծիլերը վերատնկում են արկղերում կամ տորֆահումուսային թաղարներում։ Մայիսի առաջին տասնօրյակում սածիլները դաշտ են տեղափոխում և տնկում բարձր տեսակները՝ մեկը մյուսից 40 սմ, իսկ ցածրաճ տեսակները՝ 30 սմ հեռավորության վրա։ Ցածրաճ (լիլիպուդային) տեսակներից կարելի է նշել Կարմիր Գլխարկը և Թոմթումբը։ Առանձնապես մեծ տարածում է գտել Ֆանտազիա սորտը։
Խոշորածաղիկ տեսակներից տարածված են`
Ատրակցիոնը (բաց կարմիր)
Քեների Բերդը (դեղնավուն)
Պոուլա Բեան (սպիտակ)
Ռոզան (վարդագույն)
Լայնորեն կիրառվում է ծաղկային ձևավորումներում (ծաղկային օջախներ, ծաղկաթմբեր, խմբեր), հատկապես հուշարձանների ձևավորման համար[1]։